Քիչ առաջ ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն երկու ոստիկան է տեղափոխվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

Հիվանդանոց են տեղափոխվել ոստիկանության աշխատակից, 27-ամյա Գեղամ Խաչատրյանը գանգուղեղային տրավմայով, եւ ծակած վերքով, իսկ մյուսը ոստիկանության ՊՊԾ 5-րդ գումարտակի ավագ ոստիկան, 41-ամյա Պետրոս Հայրապետյանն է, որը գանգուղեղային տրավմա է ստացել: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց է անում եւ հայտարարել է հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակից ավելի ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am