Ակտիվիստների եւ ոստիկանների բախումից, նախնական տվյալներով, տուժել է 8 ոստիկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նա նշեց, որ երկու ոստիկան տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց , իսկ մյուս 6 ոստիկանները քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Ակցիայի մասնակիցներից շտապօգնության են ահազանգել ընդամենը մեկ ակտիվիստի համար, ով անչափահաս է:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից NEWS.am-ը տեղակացավ, որ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Ալբերդ Վանիկյանը: Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նա բուժզզնում է անցնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց երկու ոստիկան է տեղափոխվել: Հիվանդանոց են տեղափոխվել 27-ամյա Գեղամ Խաչատրյանը գանգուղեղային տրավմայով եւ ծակած վերքով, իսկ մյուսը Ոստիկանության ՊՊԾ 5-րդ գումարտակի ավագ ոստիկան 41 ամյա Պետրոս Հայրապետյանն է, որը գանգուղեղային տրավմա է ստացել: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակից ավելի ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։
Ոստիկանության տվյալներով, կան վիրավոր ոստիկաններ, նրանցից մեկին դանակահարել են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























