Գլխուղեղային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության Երեւանի վարչության աշխատակից 31-ամյա Էդգար Ալեքսանյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից: Նա գլխուղեղային վնասվածք է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն քիչ առաջ տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, բախման հետեւանքով տուժել է 8 ոստիկան: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Աանհիտ Հայթայանը հայտնել էր, թե որ երկու ոստիկան տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց , իսկ մյուս 6 ոստիկանները քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Ակցիայի մասնակիցներից շտապօգնության են ահազանգել ընդամենը մեկ ակտիվիստի համար, ով անչափահաս է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումից հետո Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց երկու ոստիկան է տեղափոխվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Հիվանդանոց են տեղափոխվել 27-ամյա Գեղամ Խաչատրյանը գանգուղեղային տրավմայով եւ ծակած վերքով, իսկ մյուսը Ոստիկանության ՊՊԾ 5-րդ գումարտակի ավագ ոստիկան 41-ամյա Պետրոս Հայրապետյանն է, որը գանգուղեղային տրավմա է ստացել: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց է անում եւ հայտարարել է հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակից ավելի ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























