Կենտրոնի ոստիկանության մոտ իրավիճակը լարված է: Ոստիկանները բերման ենթարկվածների հարազատներին, ընկերներին ու ակտիվիստներին հրելով հեռացնում են ոստիկանության մուտքի մոտից, ստիպում են նույնիսկ բակից հեռանալ՝ ասելով, որ ճաղերից այն կողմ կանգնեն: Ոստիկանության շենքի մոտ մի քանի տասնյակ ոստիկան կա։
Մարդկանց քաշքշելով, հրելով հասցրել են «Դինամո» մարզադաշտի մոտ ու ստիպում են ավելի հեռու գնալ։
Հիշեցնենք, որ ոստիկանության տվյալով՝ բերման է ենթարկվել 37 մարդ։ Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ 3 ակտիվիստների` Դավիթ Հարությունյանին, Կարեն Հարությունյանին և Վահագն Մինասյանին ձերբակալել են 72 ժամով: Այս պահին ներսում է նրանց փաստաբանը։ Շանթ Հարությունյանի մասին առայժմ տեղեկություն չկա։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ, բերման ենթարկվածներից մի քանիսի հանդեպ քրեական գործ կհարուցվի, մյուսներն էլ կենթարկվեն վարչական պատասխանատվության:







Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























