Ոոստիկանության  Կենտրոնականի բաժանմունքից ազատ է արձակվել «Արարատ մեդիա գրուպի» գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը, ով եւս բերման էր ենթարկվել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը, պատմելով բերման ենթարկվելու պատճառների մասին, նշեց, որ ինքը միջադեպի ականատես չի եղել, այլ դեպքի վայր է հասել այն պահին, երբ  փորձել են իր ընկերոջը՝ Վիլեն Գաբրիելյանին բերման ենթարկել: «Փորձեցի հասկանալ, թե ինչի են տանում եւ նկարել այդ ամենը իմ կայքի համար: Ասացի՝ Վիլենին ինչո՞ւ եք տանում, ասացին՝ արի, քեզ էլ տանենք: Տարան, պահեցին, բաց թողեցին: Ասացին, որ ես վկա եմ: Ստացվում է, որ ես վկա եմ մի բանի, որը ես չեմ տեսել: Չգիտեմ ինչ է կատարվում»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Միաժամանակ ավելացրեց, որ հատուկ մեծ բեյջ է փակցրել, որ լրագրող է, բայց անգամ, երբ արդեն տանում էին մի ոստիկան եկավ եւ սկսեց թեւն ոլորել:  Նա նաեւ նշեց, որ իր եւ Վիլենի հետ եւս մեկ տղա էր բերման ենթարկվել, ով Լեհաստանի դեսպանատան աշխատակից է, սակայն այս պահին միայն ինքն է ազատ արձակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։

Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։

Բախումների հետեւանքով տուժել է 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել է: Մարմնական վնասվածքներ է ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am