«Ռոյթեր» գործակալությունը անդրադարձել է նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներին։
«Հայաստանում երեքշաբթի տեղի ունեցած հակակառավարական ակցիայի ժամանակ մահակներով ու պայթուցիկներով զինված ցուցարարների հետ բախումների ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու»,- գրել է գործակալությունը։
Հղում անելով ՀՀ ոստիկանությանը՝ գործակալությունը գրում է, որ բախումները սկսվել են, երբ տասնյակ բողոքարարներ Գայ Ֆոքսի դիմակները թարս դրած պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, եւ մի քանի մարդ վիրավորվել է։
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակից ավելի ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն, մի քանիսին արդեն ձերբակալել են։




























