Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որը հայտնի է «Նավակ Ճոճողը» մականունով, քիչ առաջ ձերբակալվել է եւ առնվազն առաջիկա 72 ժամ կմնա անազատության մեջ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել են Կենտրոնի ոստիկանության առջեւ սպասող նրա ընկերները։ 

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ձերբակալման որոշում է կայացվել եւս երեք անձանց՝ Դավիթ Հարությունյանի, Կարեն Հարությունյանի եւ Վահագն Մինասյանի նկատմամբ։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։

Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։

Բախումների հետեւանքով տուժել է 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել է: Մարմնական վնասվածքներ է ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am