Վաշինգտոնում հոկտեմբերի 30-ին մեծ ընթրիք է կայացել կոնգրեսմենների եւ սենատորների, նախագահի աշխատակազմի անդամների, դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ: Կազմակերպիչը եղել է ադրբեջանա-ամերիկյան դաշինքը՝ ադրբեջանցի օլիգարխ Անար Մամեդովի գլխավորությամբ, որը Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին է:

Ընթրիքին 500 հրավիրյալներ են եղել: Ընթրիքը մեծ արձագանք է ստացել ադրբեջանական մամուլում: Այս կապակցությամբ Անար Մամեդովի փաստաբան Ռուսլան Մամեդովը շտապել է  մամուլում այս առթիվ հրապարակված որոշ փաստեր հերքել:

Փաստաբանի վստահեցմամբ՝ կոնգրեսմեններին եւ սենատորներին սեւ եւ կարմիր խավիար չեն հյուրասիրել. «Եղել է միայն ադրբեջանական խոհանոց: Հյուրասիրել են ադրբեջանական փլավ, տոլմա եւ խորոված: Սրահում միայն ադրբեջանական երաժշտություն է հնչել: Հրավիրված երգիչների թվում եղել են  «Rast» խումբը, Եվրատեսիլի մասնակից Սաբինա Բաբաեւան, նաեւ մուղամ կատարող Ալիմ Հասիմովը՝ իր դուստր Ֆերգանա Հասիմովայի հետ»,  - ասել է Մամեդովը:

Նա նաեւ հերքել է 5 մլն դոլար ծախսելու մասին լուրը: «Այդ թիվը խիստ չափազանցված է: Վաշինգտոնի ազգային թանգարանի դահլիճն այդքան էլ թանկարժեք վայր չէ, այլ խոշոր ծախսեր էլ չեն եղել», - ասել է փաստաբանը՝ միաժամանակ հաստատելով, որ ծախսերը հոգացել է Անար Մամեդովը: