«Կառավարությունը այս տարվա մակրոտնտեսական ռիսկերից առանձնացնում է գնաճային ռիսկերը, որոնք համեմվեցին նաեւ գազի սակագնի բարձրացմամբ»,- մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնeց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հավելելով, որ իրենք փոխտատուցելու են առավել խոցելի խմբերի գնաճային ռիսկերը:

Ըստ այդմ, նրա խոսքով, մայիսի 1-ից սոցիալական նպաստներն ավելացվում են 3,5 հազար դրամով, իսկ նոյեմբերի 1-ից կենսաթոշակներն ավելանալու է 2650 դրամով: Նպաստառուների թիվը հանրապետությունում կազմում է մոտ 110 հազար, իսկ կենսաթոշակառուների թիվը` 525-530 հազար: Այս փոփոխությունը, ըստ ֆինանսների նախարարի, բյուջեի վրա կնստի 6-6,5 միլիարդ դրամի լրացուցիչ ծախս, որը չի կատարվի բյուջետային այլ հոդվածների հաշվին:

Հարցին, թե այդ դեպքում որո՞նք են լինելու այդ ֆինանսավորման աղբյուրները, նա պատասխանեց, որ նախ՝ հարկային եկամուտներն են ավելացել, երկրորդ՝ վարչարարությունն է խստացվելու եւ 3-րդ՝ Կառավարությունը կարող է օգտագործել նաեւ պահուստային ֆոնդի միջոցները:

Դիտարկմանը՝ եթե նպաստներն ավելանում են 3,5 հազար դրամով, որից 2,5 հազարը միայն գազի թանկացման փոխհատուցումն է, ապա իրական բարձրացումը կազմում է 1000 դրամ եւ արդյո՞ք, այդ 1000 դրամը բավական է գնաճի նման պայմաններում ապրելու համար, Տ. Դավթյանը ստիպված էր խոստովանել. «Մենք ասում ենք այս քայլը կմեղմի սոցիալական վիճակը, չենք ասում ամբողջությամբ կփոխհատուցի: Մենք հաշվի ենք առել մեր հնարավորությունները»: