Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ոչ մի հայտարարություն  դեռեւս չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանում, բրիֆինգում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն՝ մեկնաբանելով Մինսկում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը, թե Թուրքիան ցանկանում է դառնալ Մաքսային միության անդամ:

«Շատ պետություններ են մտադրություն եւ հետաքրքրություն հայտնում Մաքսային միության հետ փոխհամագործակցության ընդլայնման առնչությամբ: Մասնավորապես, Հնդկաստանը վարչապետի այցի ժամանակ Մոսկվայում կրկին ցանկություն է հայտնել ունենալ փոխհամագործակցության առաջադեմ ռեժիմ Մաքսային միության հետ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի մակարդակով եւ այլն: Ընդհանրապես պետությունների քանակը, որոնք այսօր հայտարարում են, որ ցանկանում են նմանատիպ հարաբերություններ ձեւավորել, հասնում է 36-ի»,-ընդգծել է Խրիստենկոն:

Նրա խոսքով՝ որոշակի ուղղություններով այսօր աշխատանք է տարվում Վիետնամի, Նոր Զելանդիայի, Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի հետ, հիմա Շվեյցարիայի հետ կտարվի այդպիսի աշխատանք:

«Թուրքիան չկա թեկնածուների մեջ, եւ նրա հայտարարությունը չի ուսումնասիրվել:  Եվ դա նշանակում է, որ այն, ինչ չկա, չի կարող խանգարել եւ վնասել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ես այն չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել եւ այդքան էլ կոռեկտ չէ մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը: Բայց կարող եմ ասել, որ Մաքսային միության իրավունքի տեսանկյունից որեւէ մեկի կարծիքը, բացի Մաքսային միությանը միանալու թեկնածուի եւ մասնակիցների, չի պահանջվում այս ամբողջ ծրագրի իրականացման համար: Պայմանագիրը, որը պատրաստվում է ստորագրման, ստորագրվելու է չորս ղեկավարների կողմից»,-ասել է նա:

Իր հերթին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ես էլ եմ կարծում, որ կոռեկտ չէ մեկնաբանել նախագահների հայտարարությունները: Առավել եւս կարեւոր է այն, թե ինչ համատեքստում եւ ինչ նպատակով են դրանք ասվում: Կարծում եմ, որ դա ավելի լավ է թողնել վերլուծաբաններին»: