Չկարգավորված ղարաբաղյան խնդիրը չի բարդացնի Հայաստանի՝ Մաքսային միության անդամագրմանը, հակառակը՝ կլավացնի Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանում, բրիֆինգում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն` մեկնաբանելով նախկինում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը:
«Ղարաբաղյան պատմությունը դուք ինձանից ավելի լավ գիտեք: Այն չի ծագել ո´չ հիմա, ո´չ էլ Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության հայտարարության հետ կապված: Դրա համար կան ուրույն ձեւաչափեր եւ մասնագետներ տարբեր պետություններից, որոնք զբաղվում են այդ թեմայի կարգավորմամբ, խնդրի լուծման ճանապարհների որոնմամբ: Մենք ցանկանում ենք հաստատականություն, փոխզիջումներ այս խնդրի լուծման ճանապարհը գտնելու մեջ, որն այսպես թե այնպես լուծվող է: Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, որն այսպես թե այնպես ի հայտ է գալիս Հայաստանի Մաքսային միությանը ինտեգրման շրջանակում, ապա տնտեսական զարգացումը երբեւէ չի վատթարացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակները եւ նույնիսկ կոնֆլիկտները, այլ որպես կանոն նպաստել է դրանց կարգավորմանը»,-ընդգծել է Խրիստենկոն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Երեւանում Հայաստանի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի(ԵՏՀ) միջեւ ստորագրվել է փոխհամագործակցության խորացման հուշագրի: Փաստաթուղթը կնքել են ԵՏՀ կոլեգիայի համանախագահ Վիկտոր Խրիստենկոն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:




























