Հայաստանի եւ Իրաքի միջեւ փոխգործակցությունը դրական արդյունքներ է տալիս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանը կարեւորում  է եւ շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Տեսնում ենք, որ առկա է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի վառ վկայությունն է վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջեւ գրանցված առեւտրաշրջանառության զգալի աճը»,- ասել է վարչապետը:

 Նշելով, որ Իրաքը եւս շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում՝ Նուրի Շաուեյսին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում մեր երկիր է ժամանել իրաքցի գործարարներից բաղկացած մեծ խումբ, որի նպատակն է նոր կապեր ստեղծել հայ գործընկերների հետ:

  Կողմերը կարեւորել են նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը, մուտքի արտոնագրերի դյուրացումը: Վարչապետի խոսքով՝ շինարարական հայկական կազմակերպությունները եւս շահագրգիռ են մասնակցել Իրաքում այդ բնագավառում իրականացվող ծրագրերին: Իրաքի փոխվարչապետը ողջունել է այդ գաղափարը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել այն իր երկրի կառավարությունում:

 Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ Իրաքի համար ՄՄ-ի անդամ պետությունների հետ կապերի սերտացման գործում: Իրաքի փոխվարչապետը շնորհավորել է ՄՄ-ի վերաբերյալ հայկական կողմի կայացրած որոշման կապակցությամբ, ինչը միմիայն կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը:

 Իրաքի փոխվարչապետը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի ջերմ ողջույնները: Իր հերթին, ՀՀ կառավարության ղեկավարը խնդրել է Իրաքի վարչապետին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը՝ իրեն հարմար ժամանակահատվածում:

 Այնուհետեւ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը ստորագրել են տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: