Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 23-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

Նախագահը բարձր է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ նշելով, որ տարիներ ի վեր հանձնաժողովի իրականացրած աշխատանքի շնորհիվ են նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորվել կայուն եւ դինամիկ զարգացող հարաբերություններ: Սերժ Սարգսյանն այդ ամենում մեծապես կարեւորել է հանձնաժողովի համանախագահ, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը: Նշելով, որ Նիկոլայ Ռիժկովը եւ նրա գլխավորած հանձնաժողովի անդամներն իրենց շահագրգիռ եւ ակտիվ աշխատանքի արդյունքում լիովին տիրապետում են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այդ օրակարգի հարցերի լուծման գործում մինչ այժմ նրանց ցուցաբերած աջակցության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այսուհետ եւս նույնպիսի ակտիվությամբ հանձնաժողովը կշարունակի գործունեությունը՝ նկատի առնելով, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին որոշումից հետո հատկապես օրենսդրական դաշտում զգալի աշխատանք կա իրականացնելու:

Հանդիպման ժամանակ Նիկոլայ Ռիժկովը ներկայացրել է միջխորհրդարանական հանձնաժողովի երեւանյան նիստի արդյունքները, արդիական եւ կարեւոր համարելով օրակարգի շրջանակներում քննարկված հարցերը, որոնք առավելապես վերաբերել են ՀՀ եւ ՌԴ միջեւ տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրներին: Նա գոհունակությամբ է խոսել հանձնաժողովի շրջանակներում հայ գործընկերների հետ արդեն 16-ամյա համագործակցության մասին եւ շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահին՝ միջպետական հարաբերություններում խորհրդարանականների աշխատանքը մեծապես կարեւորելու եւ խրախուսելու համար: