Մաշտոցի պողոտայում երեկ՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցածը ապստամբություն չէր, դա ընդամենը տրամադրության փոխանցում էր, ոչ ավելին, այդպիսի ապստամբություն չի լինում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ երեկ տեղի ունեցածը տարիների ընթացքում իշխանությունների կողմից իրականացված գործողությունների շարունակություն էր, մասնավորապես՝ խոսքը իշխանությունների վարած քաղաքականության մասին է, որի արդյունքում կազմաքանդվեց տնտեսական համակարգը, բնակչության մեծ մասը աղքատացավ, արդարության, տարրական իրավունքների բացակայություն։ «Այս ամենը իրականացնելով եւ թույլ չտալով հասարակությանը ընտրություններով որոշի իր ապագան, ժողովուրդը, տեսնելով, որ չեն կարողանում իշխանափոխություն իրականացնել, ելնելով սոցիալական լարված վիճակից, արմատական տրամադրություններ է ունենում, նա ընդամենը այդ արմատական տրամադրությունները փոխանցողը եղավ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Իր անձնական փորձով նա նշեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումներում եղել են մի քանի քաղաքացիներ, որոնք բռնի իշխանափոխության կողմնակից են եղել, նման կոչեր են արել, եւ հավաքվածները դրական են արձագանքել այդ կոչերին, ինչը նշանակում է, որ հասարակության ներսում առկա է այդ տրամադրությունը։ «Ժառանգության» անդամն ասաց, որ երբ օրինական մյուս միջոցները չեն կարողանում աշխատել, առաջ է գալիս ապստամբությունը, որը եւս օրինական միջոց է։
Բայց սա, նրա խոսքով, ոչ ապստամբություն էր, ոչ էլ հեղափոխություն. «Հեղափոխություն, բնականաբար, այդ մի քանի հոգով հնարավոր չէր իրականացնել, լրիվ իզուր էին այդքան ձերբակալությունները, հատկապես այն պահից սկսած, երբ Շանթին ձերբակալել էին, մեկ տասնյակից ավել երիտասարդների էին տարել, ինչ է թե եկել էին հետաքրքրվելու, թե ինչ է եղել, լրիվ անիմաստ գործողություն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ երեկ միջադեպին ներկա էին նաեւ «Ժառանգության» երիտասարդներ, որոնք ակտիվ քաղաքացիներ են։ Կմիանա «Ժառանգությունը» Շանթ Հարությունյանի սկսած պայքարին, թե ոչ, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Շանթ Հարությունյանը ուզում էր բացառել, որ կուսակցությունները միանան իրեն՝ ասելով, որ չի ցանկանում, որ միանան, ինչը որոշակի խոչընդոտ է։ «Որպես քաղաքացի՝ ես եւս աջակցությունն եմ հայտնել, դրանից ավել ֆորմատը թույլ չի տալիս։ Խանդի մասին խոսք չկա, մենք պայքարողներին խանդով չենք վերաբերում, ինչքանով կարողանանք, կզորակցենք, մնացած առումներով նաեւ իր որոշելիքն է, իսկ ինքը ցանկացավ միայնակ գայլով քաղաքականություն վարել»,- ասաց «Ժառանգության» անդամը։
Անդրադառնալով երեկվա բախումների ժամանակ հնարավոր սադրիչ ոստիկանների գործողություններին՝ նա նշեց, որ չի ցանկանում կասկածի տակ դնել Շանթ Հարությունյանի կողմից հնչած խոսքերը, որ «իրենք չեն սկսել առաջինը, այլ ոստիկանության կողմից քաղաքացիական հագուստով մարդիկ, որովհետեւ մարտի մեկին եւս պարզ դարձավ, որ ցուցարարների կողմից չէ, որ լինում են սադրիչները, ցավոք իշխանության կողմից է դա արվում՝ շեղելու համար, ուստի դա չեմ բացառում»։ «Օրենքով ընդունեցինք, որ որեւէ ոստիկան չպետք է քաղաքացիական հագուստով լինի մասսայական միջոցառումներին, եւ օրենքը կոպտորեն խախտվում է։ Եթե քաղաքացիներից որեւէ մեկը նմանատիպ գործողություն իրականացներ, նրան կդատապարտեին, պարզ էր քաղաքացիական հագուստով ոստիկանը այլեւս ոստիկան չէ, ոստիկանության ներկայացուցիչը պետք է անպայման համագգեստով լինի եւ տարբերանշանով, որպեսզի հստակ երեւա, թե որ ստորաբաժանումից է, դա նաեւ մարտի մեկի դեպքերից հետո միջազգային կազմակերպության պահանջներից էր»,- նշեց նա։




























