«Մենք մտել ենք կայունացման եւ վերակառուցման փուլ եւ մեր խնդիրն է հնարավորին չափ արագ վերականգնել այն պոտենցիալը, որը մենք ունեինք մինչեւ ճգնաժամը եւ նաեւ որոշ չափով վերակառուցել տնտեսությունը»,- մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի վերջո, Հայաստանը ճգնաժամից դուրս է եկե՞լ, թե` ոչ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն դուրս է եկել ճգնաժամից, այնինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նման բան հայտարարելու համար էկոնոմիկայի նախարարին մեղադրել էր իրավիճակին չտիրապետելու մեջ:
«Այսինքն, մենք ցանկանում ենք ոչ միայն քանակական առումով վերադառնալ նրան, ինչ ունեինք մինչեւ ճգնաժամը, այլ նաեւ որոշակի կառուցվածքային փոփոխություններ իրականացնելով: Այնպես որ ճգնաժամից դուրս ենք եկել, թե` ոչ, դա մի փոքր հռետորական հարց է, նայած թե ինչ ենք հասկանում դրա տակ»,- ընդգծեց նախարարը:
Հարցին, թե ե՞րբ կավարտվի այդ կայունացման ու վերակառուցման փուլը, Տիգրան Դավթյանը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով, դա այս ամսվանից սկսած մոտավորապես մինչեւ 1-1,5 տարվա խնդիր է: Եթե այս տեմպերը պահպանվեն, մինչեւ 2011-ի ավարտին, կախված նաեւ շատ գործոններից, կարող ենք խոսել ընդհանուր ծավալների վերականգնման մասին: Որոշ ցուցանիշներով վերականգնումը մի փոքր ավելի շուտ կլինի, մյուսներով` ավելի ուշ»:



























