«Կփորձենք, որ տարեկան կտրվածքով սղաճը մոտ լինի բյուջեով նախատեսվածին»,- այսօր` մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նշենք, որ բյուջեով նախատեսված է, որ սղաճը լինելու է 2,5-5,5 տոկոսի սահմաններում, այնինչ արդեն հունվար-փետրվար ամիսներին այն հասել է 9,4 տոկոսի:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե արդյո՞ք հնարավոր է, որ կառավարությունը սուբսիդավորի ջրի սակագնի բարձրացումը, որի շնորհիվ քաղաքացիների համար այն կմնա անփոփոխ: Այս առնչությամբ նա ասաց, որ կառավարությունն արդեն սուբսիդավորում է ոռոգման ջրի գինը եւ չի պատրաստվում լրացուցիչ սուբսիդավորում իրականացնել: «Դա ճիշտ չի լինի, նաեւ լրացուցիչ ֆինանսական միջոցների խնդիր առաջ կգա»,- հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է գնաճին, Տ. Դավթյանն ասաց, որ այն պայմանավորված է նրանով, որ հասարակությունը այլեւս բացասական սպասումներ չունի եւ եթե 2009-ին ձեռնպահ էր մնում որոշ ծախսեր անելուց, հիմա արդեն դա անում է, իսկ դա բերում պահանջարկի մեծացման եւ գնաճի: «Մենք փորձելու ենք զսպել գները: Դրա համար վերաֆինանսավորման տոկոսադրույքն ենք բարձրացնում, մրցակցային դաշտն ենք բարելավում, բյուջեի դեֆիցիտն ենք նվազեցնում եւ այլն»,- ընդգծեց նա: