Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության ոլորտի խնդիրներին եւ զարգացման հեռանկարներին: Ըստ նրա, միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է առանձնացված մասնագիտացված պետական կառույց, որը համալիր կերպով կզբաղվի ռազմական արդյունաբերության հարցերի ամբողջ շրջանակով:

«Բոլորիս համար ակնհայտ է, թե ռազմական արդյունաբերության խնդիրները ինչ կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար եւ վերջին շրջանում մենք արձանագրում ենք դրական զարգացումներ, մասնավորապես, կարճ ժամանակ առաջ բացվեց «Կամազ-Արմենիա» ընկերությունը, մյուս համատեղ ձեռնարկությունների ձեւավորման գործընթացը նույնպես շարունակվում է : Ուզում եմ նշել նաեւ, որ մեր նախորդ նիստից հետո արդեն իսկ մշակվել է 24 նոր ձեռնարկությունների ցանկ Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնք կարող են զբաղվել ռազմական արտադրանքի խնդիրներով:  Եվ ես կարծում եմ, որ սա չափազանց կարեւոր է, հատկապես եթե մենք հաշվի ենք առնում մեր անվտանգության առջեւ ծառացած սպառնալիքները եւ հաշվի ենք առնում այն, որ Ադրբեջանը այսօր մոլեգին տեմպով հզորացնում է իր ռազմական ենթակառուցվածքները, ռազմական արդյունաբերությունը, եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության գերակայությունից է իսկապես ռազմական արդյունաբերությանը շատ լուրջ վերաբերվել: Եվ ըստ ամենայնի աջակցել, որպեսզի այն մեր երկրում զարգանա եւ ամրապնդվի: Մեր հանձնաժողովի առաքելություններից մեկն էլ դա է», - ասաց Ա.Բաղդասարյանը: 

Հաշվի առնելով վերոնշյալը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որպես հանձնաժողովի նախագահ, հանդես եկավ ՀՀ կառավարության համակարգում ռազմական արդյունաբերության հարցերով պետական մարմնի` ՀՀ կառավարությանն առընթեր Ռազմարդյունաբերության հարցերով պետական կոմիտեի ստեղծման նախաձեռնությամբ, որն արժանացավ հանձնաժողովի անդամների հավանությանը: Այդ առաջարկությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահին:

Հանձնաժողովն ամփոփվեց անցած նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, հանձնաժողովի քարտուղարը եւ անդամները ներկայացրեցին իրականացված աշխատանքները: Քննարկվեցին նաեւ հանձնաժողովին կից մշտապես գործող ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական խորհուրդի ստեղծմանը վերաբերող առաջարկությունները, որոնք առաջիկայում պետք է քննարկվեն շահագրգիռ գերատեսչություններում:

Նիստում անդրադարձ կատարվեց հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաեւ այլ կազմակերպչական հարցերին: