Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը Նոր Նորքում մասնակցել է Տիգրան Մեծի այգու հանդիսավոր բացմանը:
Երեւանի համաչափ զարգացման համատեքստում տարեսկզբից մեկնարկած այգիների եւ պուրակների բարեկարգման, ինչպես նաեւ նոր հանգստի գոտիների կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեւանցիների հետ միասին բնակիչների տնօրինմանն է հանձնել բարեկարգված հերթական այգին: Նոր Նորք վարչական շրջանի շուրջ 5.8 հա տարածք զբաղեցնող Տիգրան Մեծի այգին ամբողջությամբ վերակառուցվել է:
Զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ երեւանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը, ինչպես այս տարի, առաջիկա տարիներին եւս կլինեն շարունակական ու հիմնականում կյանքի կկոչվեն մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում, ուր հազարավոր բնակիչների համար կստեղծվեն հանգստի յուրօրինակ կենտրոններ. «Յուրաքանչյուր տարի մենք 5-ից 6 հանգստի գոտիներ ենք կառուցում ու վերակառուցում մայրաքաղաքում: Մեր ծրագրերի շրջանակում փորձելու ենք բարեկարգել երեւանյան բոլոր այգիները: Նոր Նորք վարչական շրջանը խորհրդային տարիներին ամենականաչապատ տարածքներից էր եւ ուներ բավականին շատ այգիներ ու պուրակներ: Եվ մեր նպատակն է նախ վերականգնել այդ տարածքները, իսկ հետագայում նաեւ ավելացնել դրանց քանակն ու հանձնել մեր բնակիչներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բնակիչների լիարժեք հանգստի համար տեղադրվել են նստարաններ, փակ եւ բաց զրուցարաններ, մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ, մարզահրապարակներ, ինչպես նաեւ կառուցվել են ճեմուղիներ: Հանգստյան գոտին ամբողջությամբ ապահովված է նաեւ արտաքին լուսավորության նոր ցանցով ու շուրջ 1 կմ ոռոգման նոր համակարգով:
«Բոլորն են հիշում, որ այս տարածքում գտնվող Վիշապների պուրակի տեղում ուզում էին բազմաբնակարան շենք կառուցել, եւ քաղաքապետարանի կողմից արգելվեց այդ կառուցապատումը: Ու մենք խոստացանք, որ այգին կվերականգնենք ու կհանձնենք մեր բնակիչներին: Ծրագիրը, ինչպես տեսնում եք, կյանքի կոչվեց: Այգու կառուցման համար համայնքի բյուջեից ծախսվել է 123 մլն դրամ, բացի այդ նաեւ մասնակցություն են ունեցել մի շարք բարերարներ, որոնց իմ շնորհակալությունն եմ հայտնում»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով այգին բարեկարգելու եւ բնակիչներին վերադարձնելու համար՝ նորնորքցիները նշել են, որ հանգստի այս գոտին տասնյակ տարիներ ոչ միայն չի ծառայել իր նպատակին, այլեւ վտանգավոր է եղել անգամ անցուդարձի համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է նաեւ վերակառուցված այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու շնորհավորել բնակիչներին՝ հորդորելով պահպանել ու խնամքով վերաբերվել այգուն:



























