Հայաստանի մշակույթի նախարարությունը 2013 թ. նոյեմբերի 20-22-ը Երեւանում կանցկացնի հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական Հանգույց. գորգագործության ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի շրջանակններում կքննարկվեն հետեւյալ թեմաները՝ «Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավորասիական գորգագործական մշակույթի համակարգում», «Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գորգերի մասնավոր հավաքածուների մասին», «Հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի,  մանրանկարչության, կիրառական ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման  սկզբունքների փոխկապակցվածության մասին», «Ավանդական  եւ ժամանակակից գորգը», «Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին», «Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման եւ  ուսումնասիրման հիմնախնդիրները»:

Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են նաեւ գորգագործության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններ: