Մեծ Բրիտանիան և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (International Atomic Energy Agency, IAEA) հաջողությամբ ավարտին են հասցրել Հայաստանում ատոմային անվտանգության մի լայնածավալ ծրագիր: Մեծ Բրիտանիան` իր «Համաշխարհային վտանգի նվազեցում» ծրագրի միջոցով ֆինանսավորեց 1.58 մլն. եվրո արժողությամբ ծրագիրը, որի նպատակն է բարելավել Մեծամորի ատոմակայանի ֆիզիկական պաշտպանվածությունը: Ծրագիրն իրագործել է IAEA-ի Միջուկային անվտանգության հիմնադրամը:
Ողջունելով ծրագրի ավարտը, IAEA-ի անվտանգության գծով ղեկավար Տոմիհիրո Տանագուչին ասել է. «Սա մինչ օրս IAEA-ի Միջուկային անվտանգության հիմնադրամի կողմից իրականացված ֆիզիկական պաշտպանության ամենամեծ ծրագիրն է, և որպես այդպիսին համագործակցության մի նոր ձև է, որ IAEA-ն կարող է առաջարկել իր անդամ պետություններին: Ուրախ եմ, որ սեփական աչքով տեսնում եմ ծրագրի շրջանակներում իրականացված անվտանգության այս բարելավումը»:
Միացյալ թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլի խոսքերով, Բրիտանիայի և Հայաստանի միջև միջուկային ոլորտում համագործակցությունը երկար պատմություն ունի: «Ես Մեծամորում էի մոտ մեկ տարի առաջ, երբ սկսեցինք ռադիոակտիվ թափոնների պահեստարանի վերակառուցման ծրագիրը: Ծրագիրը, որն այսօր ավարտում ենք, այս առանցքային ոլորտում Հայաստանին օգնելու մեր պատրաստակամության լավագույն օրինակներից է: Ծրագիրն ապահովել է այս կարևոր վայրի էական ֆիզիկական պաշտպանության հզորացումը: Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի՝ առանց Հայաստանի ղեկավարության և Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի ու նրա անձնակազմի նվիրվածության»,- ասել է դեսպանը:
Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման ծրագիրը վերջինն է ՄԹ միջուկային անվտանգության ծրագրերի շարքում, որն ընդհանուր առմամբ ավելի քան £14 մլն. օգնություն է տրամադրել մի շարք երկրներին: Այդ գումարի մեկ քարորդը ուղղվել է Հայաստանին, որը ծրագրի ամենամեծ շահառուն է:
Տարիներ շարունակ Մեծ Բրիտանիան զգալի օգնություն է տրամադրել Հայսատանին` միջուկային անվտանգությունն ապահովելու համար: Մի քանի մեծ ծրագրեր են իրականացվել Մեծամորի ատոմակայանի, Միջուկային անվտագության կարգավորման պետական կոմիտեի, ՌԱԴՈՆ ռադիոակտիվ թափոնների պահեստարանի և Միջուկային արտակարգ իրավիճակների համակարգողի հետ համատեղ: ՄԹ Միջուկային անվտանգության ծրագիրը, որի ամենամեծ շահառուներից էր Հայաստանը, փակվել է 2009-ին:



























