Այսօր` ապրիլի 1-ից 37,5 տոկոսով թանկանում է գազի սակագինը: Եթե մինչեւ երեկ գազի 1 խմ-ն արժեր 96 դրամ, ապա այսօրվանից, այն արժե 132 դրամ: Հիշեցնենք, որ այս թանկացումը «Հայռուսգազարդ» ընկերությունը բացատրում էր ռուսական կողմից գազի թանկացմամբ: Սակայն իրականում, ռուսական գազի գինը 1000 խմ-ի դիմաց 154 դոլարից բարձրացել է 180 դոլար, այնինչ հայ սպառողի համար այն թանկացել է անհամեմատ ավելի շատ: Փաստացի, այսօր մենք 1000 խմ գազի դիմաց վճարում ենք ավելի քան 330 դոլար:
Երեկ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լրագրողներին ասել է, որ կառավարությունը առավել անապահով խավերի համար փորձել է մեղմել գազի գնի բարձրացումը: Ըստ այդմ, մայիսի 1-ից սոցիալական նպաստն ավելանալու է 3,5 հազար դրամով, իսկ նոյեմբերի 1-ից բարձրանալու են նաեւ կենսաթոշակները` 2650 դրամով: Հատկանշական է, որ մինչեւ նոյեմբեր կա 7 ամիս եւ կենսաթոշակառուները պետք է այդ 7 ամիսը դիմանան գազի թանկացմանը՝ իրենց թոշակների հին չափով:



























