Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից նախապես հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների եւ տաքսի ծառայությունների ներկայացուցիչների:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարորդների հիմնական մտահոգությունները կապված են եղել տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների հետ: Գագիկ Բեգլարյանը պարզաբանել է, որ թվարկված խնդիրներից եւ ոչ մեկը որեւէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների եւ իրավասությունների հետ:

Մյուս բարձրացված խնդիրները առնչվել են ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ազգային ժողովի քննարկմանը: Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է ի նպաստ տաքսու վարորդների:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում: Այդ նպատակն է հետապնդում նաեւ միատեսակ համարանիշների աստիճանաբար կիրառումը: Բարեփոխումները հնարավորություն կտան նաեւ էապես նվազեցնել տարբեր ծառայությունների (բժշկական, մեքենաների տեխնիկական զննության եւ այլն) համար վճարվող գումարները»,- նշել է նախարարը:

Վարորդները համակարծիք են եղել, որ մեկնարկած բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որոշակիորեն նվազել է ֆինանսական բեռը, հեշտացել է իրենց աշխատանքը: Նրանց մեծ մասը հանդիպման ընթացքում բարձրացրել է առավելապես անձնական բնույթի խնդիրներ, որոնցից եւ ոչ մեկը, նախարարության հավաստմամբ, անպատասխան չի մնացել:

Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ ոլորտի բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ, եւ նախարարության համապատասխան ներկայացուցիչները պատրաստակամ են ընդունելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տաքսու վարորդների գործունեության պարզեցմանը եւ կկանխի չպարզաբանված խնդիրների անհիմն շահարկումը: