Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է անում Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում արգելել գեղեցկության մանկական մրցույթները ու գործընկերների հետ համատեղ նախապատրաստում է համապատասխան օրինագիծ:

Պատգամավորի խոսքով՝ չի բացառվում, որ օրինագիծը դաշնային նախաձեռնության վերածվի: Նա ուսումնասիրել է այլ երկրների ու տարածաշրջանների իր գործընկերների փորձը, հաղորդում է Lifenews.ru-ն:

«Մեծ հաշվով անմարդկային է երեխաներին վերաբերվել ինչպես տիկնիկի, «նիմֆետի» ու «լոլիտկայի»: Ես կասեի գեղեցկության մրցույթը ծայրահեղ դաժան երեւույթ է: Քանի որ այն ենթադրում է, որ մեկն է հաղթելու, ուրեմն նա էլ գեղեցիկ է: Իսկ մյուսները քանի որ չեն հաղթում, նշանակում է՝ տգեղ են: Ուրեմն պետք չէ զարմանալ, որ 20 տարվա ընթացքում երեխաների շրջանում հոգեկան խանգարումները 20 անգամ աճել են»,- հայտարաել է Վիտալի Միլոնովը:

Պատգամավորը համարում է, որ նման մրցույթները այլսերում են երեխաներին, վնասում նրանց հոգեկանին ու հրավիրում են մանկապիղծների ուշադրությունը: Նա առաջարկում է բեմ բարձրանալ թույլ տալ անչափահասներին սկսած 16 տարեկանից:

«Ուր են նայում ծնողները: Հնարավոր է, նրանք փորձում են կյանքի կոչել այն, ինչն իրենց մոտ չի ստացվել: Այդ պատճառով փոքր աղջիկներին թողնում են  քայլել բեմում ու ոչ թե ազգային հագուստով, կամ պարզապես պարելոբ, այլ քայլել, ինչպես հասուն թոփ-մոդելներն են անում՝ ընդգծող լողազգեստով ու ոչ մանկական շարժումներով»,- բարկանում է Միլոնովը: