Հայտնի զինագործ Միխայիլ Կալաշնիկովը՝ հանրահայտ ինքնաձիգի հեղինակը, Իժեւսկի հիվանդանոց է տեղափոխվել:
Կալաշնիկովին հիվանդանոց են տարել կիրակի օրը՝ նոյեմբերի 17-ին, առողջական վիճակի վատթարացման հետ կապված: Ներկայումս նա անհրաժեշտ հետազոտություններ է անցնում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ուդմուրտիայի մամուլի ծառայությանը:
Ավելի ուշ Ուդմուրտիայի առողջապահության նախարար Վլադիմիր Մուզլովը հայտնել է, որ Կալաշվիկովը գտնվում է Հանրապետական ախտորոշման կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նոյեմբերի 10-ին Միխայիլ Կալաշնիկովը դարձել է 94 տարեկան:
Վերջին ամիսներին սա նրա հիվանդանոց ընկնելու առաջին դեպքը չէ: Հունիսին Կալաշնիկովը տեղափոխվել էր Մոսկվայի Մանդրիկի անվան Կենտրոնական զինհոսպիտալ: Բժիշկները տարբեր պրոցեդուրաներ էին անցկացրել, սրտի խթանիչ սարք էին տեղադրել: Կալաշնիկովը Իժեւսկ էր վերադարձել սեպտեմբերին:





























