Որ դու քեզ չգովես, ո՞վ կգովի. հենց այս սկզբունքով է առաջնորդվում Ադրբեջանը: Այս անգամ «արեւելյան միապետությունը» էլ ավելի հեռուն է գնացել. Նոյեմբերի 16-ին կայքերից մեկում, ավելի ճիշտ ճանապարհորդների venividi.ru բլոգում հոդված է հայտնվել, որը քիչ է մնում Ադրբեջանը հռչակի հանդուրժողականության խորհրդանիշ:

Այն, որ հոդվածը պատվերով է գրվել, կասկածից դուրս է. հրապարակման հեղինակի (ոմն Ալեքսեյ Լոկտիոնով) թեթեւ ձեռքով Ադրբեջանը Կանադայի, Ավստրալիայի, Արգենտինայի եւ Շվեդիայի հետ միասին հայտնվել է աշխարհի ամենահանդուրժող երկրների շարքում: Հեղինակը որեւէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական տվյալներ չի վկայակոչում, իսկ սեփական (կամ օտար) կարծիքը ներկայացնում է որպես պնդում:

Կայքի խմբագրությունը նման նյութ հրապարակելուց առաջ ճիշտ կաներ ուսումնասիրեր Ադրբեջանի «հանդուրժողական» պատմությունը: Հիշեցնենք, որ նախորդ դարավերջին Ադրբեջանի մի շարք քաղաքներում հայկական ջարդերի ժամանակ զոհվել են հարյուրավոր անմեղ մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ արտաքսվել են իրենց տներից: Ադրբեջանը հիմա էլ շարունակում է ակտիվորեն հակահայկական քաղաքականություն վարել՝ պարբերաբար հանդես գալով սպառնալիքներով: