«Բժշկական ազատ անկախ արհմիությունը» բժիշկ-գինեկոլոգ Վահագն Մադոյանին ծեծի ենթարկելու եւ կալանավորելու առթիվ բաց նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկականապետին, Մարդու իրավունքների պաշտպանին:

Բաց նամակում ասվում է.

«Մենք՝ Բժշկական ազատ անկախ արհմիության անդամներս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Գյումրիի մանկական ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ Վահագն Մադոյանի՝ օրերս ծեծի ենթարկվելու եւ կալանավորվելու վերաբերյալ: Բժիշկ Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուց տալ): Չնայած, ՀՀ ՔՕ նույն հոդվածը նախատեսում է նաեւ տուգանքի ձեւով պատիժ, բժիշկ Վ. Մադոյանը գտնվում է նախնական կալանքի տակ եւ նրա նկատմամաբ կիրառվում է կալանավորումը՝ որպես խափանման միջոց:

Հաշվի առնելով բժշկի կարեւորագույն դերը մեր հասարակության մեջ եւ նաեւ այն, որ բժիշկ Մադոյանը չի հանդիասանում վտանգավոր հանցագործ, այլ հակառակը, մարդ՝ ով ամբողջ կյանքում մարդկանց ապրելու համար է պայքարել եւ բազում կյանքեր նվիրել ու փրկել, խնդրում ենք միջնորդել՝ փոխելու կալանավորումը` չբացակայելու ստորագրությամբ, եւ եթե դատավարության ընթացքում նույնիսկ ապացուցվի մեղքը` կիրառել համեմատաբար մեղմ պատիժ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ 36-ամյա Վահագն Մադոյանին մոտ երկու շաբաթ առաջ կալանավորել են:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, նա այժմ գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում:

ԳԱԼԱ-ի տեղեկություններով՝ բժիշկը ցանկացել է իրենց տան դիմացի փողոցից մեքենան բերել ու կայանել իր սեփական ավտոտնակում: Սակայն քաղաքացիական հագուստով անձինք նրան կանգնեցրել եւ ասել, թե խախտում է թույլ տվել: Այնուհետեւ պարզվել է, որ նրանք ոստիկաններ են, տեղի է ունեցել լեզվակռիվ, քաշքշուկ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները անգամ ծեծել են բժշկին: