Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը, ով 2008թ պաշտոնավարում է, փոխվելու է։ Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները։
Մեր տեղեկություններով՝ նրա փոփոխության պատճառները մի քանիսն է։ Ինչպես հայտնի է, նրա հայրը «ԲԱՄՕ»-ի սեփականատերն է, իսկ «ԲԱՄՕ»-ն վերջին տարիների ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։
Պատճառներից է նաեւ այն, որ մի քանի օր առաջ ավարտված բռնցքամարտի աշխարհի առաջնությունից հայ մարզիկները վատ արդյունքներով են վերադարձել։
Մյուս պատճառն էլ այն է, որ Արման Մուրադյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, եւ նա այլեւս ցանկություն ու ժամանակ չունի ֆեդերացիայով զբաղվելու։
Ի դեպ, ֆեդերացիան նախորդ շաբաթ գործադիր մարմնի նիստ է ունեցել, օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ֆեդերացիայի նախագահի փոփոխության հարցը եւ նախագահի ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 20-ին։
Մեր տեղեկություններով՝ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը կմասնակցեն անվանի բռնցաքամարտիկներից, ըստ ամենայնի՝ ներկա կլինեն նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Մեր տեղեկություններով՝ Յուրի Վարդանյանը հանդիպում է ունեցել Արման Մուրադյանի հետ, ինչպես նաեւ նրան փոխարինող ամենահավանական թեկնածուի՝ ՀՀԿ-ական պատգամավոր, բռնցքամարտիկ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանի հետ
Նշենք, որ վերջին շրջանում խիստ նորաձեւ է դարձել ֆեդերացիայի նախագահի պաշտոններ զբաղեցնելը։ Պատահական չէ, որ ֆեդերացիայի նախագահներ են Ռուբեն Հայրապետյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ռուսաստաբնակ Սամվել Կարապետյանը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։




























