«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի  նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով`178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:   

Նշենք, որ հիշյալ հոդվածները նախատեսում են առանձնապես խոշոր չափերի խարդախության եւ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ:  

Հավելենք, որ այս արարքի պարագայում, քրեական օրենսգիրքն առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը: Ասել է, թե պաշտոնյան մեղադրվում է ավելի քան 45 մլն. դրամ կաշառք ստանալու մեջ:  

Առաջադրված մեղադրանքները վերաբերում են  «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի  նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու  եւ  դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման փաստերին:  

Այս վերջին գործով արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել նաեւ դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին: Մեղադրյալների թիվը շուրջ երկու տասնյակ է։   

Հիշեցնենք նաեւ, որ Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։