Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը հայտնել է, որ Խաղաղ օվկիանոսի հատակում, անմարդաբնակ Նիսինոսիմա կղզու շրջանում 1974 թվականից ի վեր առաջին անգամ հրաբուխ է ժայթքել:
Հրաբխի ակտիվությունը գրանցվել է տեղի ժամանակով 10:20-ին (Երեւանի ժամանակով 05:20-ին): Այն արձանագրել են երկրի ռազմածովային ուժերի զինծառայողները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հրաբխի ժայթքման վայրում ծխի սյունը բարձրացել է 600 մետր: Բացի այդ, արձանագրվել է մոտ 200 մետր տրամագծով նոր ցամաքի կազմավորում:
Օդերեւութաբանները չեն բացառում, որ ժայթքումը կարող է շարունակվել որոշ ժամանակ, ուստի նախազգուշացում է հայտարարվել այդ շրջանով անցնող բոլոր օդային ու ջրային տրանսպորտների համար:
Նշենք, որ Նիսինոսիմա կղզին, որը գտնվում է Տոկիոյից հազար կմ դեպի հարավ, նույնպես առաջացել է ստորջրյա հրաբխի ժայթքման հետեւանքով, 1974-ին: Նրա երկարությունը 800 մետր է, լայնքը՝ մոտ 500 մետր:





























