Ուկրաինայի խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են անհապաղ Գերագույն Ռադա կանչել երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովին եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ կապված ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը դադարեցնելու կառավարության որոշման հետ: Ընդդիմությունը համարում է, որ այս քայլը կառավարության հրաժարականի հիմք է, հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Անսենի Յացենյուկը:

«Հենց նոր կառավարությունը հավանություն է տվել անօրինական, կահասահմանադրական որոշմանը, որով դադարեցնում է Ուկրաինայի եվրոպական ինտեգրման կուրսը: Մենք պահանջում ենք անհապաղ վաղը (նոյեմբերի 22-ին) առավոտյան խորհրդարան հրավիրել պարոն Ազարովին»,-Ռադայի ամբիոնից հայտարարել է Յացենյուկը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նրա խոսքով՝ եթե Յանուկովիչը հրաժարվում է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, «դա սովորական պետական դավաճանություն չէ, այլ նախագահի պաշտոնանկության հիմք»:
«Իսկ վարչապետ Ազարովի նկատմամբ ընդհանրապես ողջ կառավարության հրաժարականի հիմք է»,-հավելել է ընդդիմության ներկայացուցիչը: