Ոստիկանության բարեփոխումները, ոստիկանության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կրթությունն ու վստահությունը ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված այսօր մեկնարկած միջազգային կոնֆերանսի թեմաների առանցքում են:
ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե երկօրյա միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից՝ ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների բաժնի եւ ՀՀ ոստիկանության հետ համատեղ, ինչպես նաեւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի համագործակցությամբ: Միջոցառումը մասնակիցներին տրամադրում է հարթակ՝ ուսումնասիրելու այլ երկրների փորձը, քննարկելու ձեռքբերումներն ու բարեփոխումների ընթացքում իրենց առջեւ ծառացած մարտահրավերները, ինչպես նաեւ փոխանակելու մտքեր ոստիկանության ոլորտում հետագա բարեփոխումների վերաբերյալ:
Համաժողովին մասնակցում են մոտ վաթսուն բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, Ազգային ժողովից, պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկեր կազմակերպություններից: Միջոցառմանը մասնակցում է նաեւ բարձրաստիճան պատվիրակություն՝ Ղրղզստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներից, որն այժմ ճանաչողական այցով Հայաստանում է ԵԱՀԿ աջակցությամբ:
Մասնակիցները կքննարկեն ոստիկանության բարեփոխումների հիմնական ձեռքբերումները եւ մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում եւ Էստոնիայում, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության եւ կրթական բարեփոխումների կարեւորությունը: Առանձին նիստ նվիրված կլինի ոստիկանության գործունեության խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողությանը՝ որպես ոստիկանության հաշվետվողականության եւ թափանցիկության երաշխավորման մեխանիզմ:
ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Այսօրվա հանդիպումը առանձնակի նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է ընձեռում անդրադառնալու ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների գործընթացին՝ ներկայացնելով հիմնական հաջողությունները, որոնք ձեռք են բերվել առ այսօր եւ քննարկելով ապագա ծրագրերը: Վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել են մի շարք աշխատանքներ, որոնք նպաստել են ոստիկանության ծառայության արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացմանը: Միեւնույն ժամանակ, դեռեւս կան չլուծված խնդիրներ, որոնց վերացմանն ուղղված միջոցառումները ներառված են 2013-2014 թթ. բարեփոխումների նոր ծրագրի մեջ:»
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց. «Ոստիկանության համակարգի բարեփոխումը գերակայություն է շատ անցումային երկրներում: Դա դժվար եւ մարտահրավերներով հագեցած գործընթաց է, որը պահանջում է համակարգային փոփոխություններ, իրավապահ մարմինների աշխատակիցների հմտությունների կատարելագործում եւ ամենակարեւորը՝ մտածելակերպի փոփոխություն՝ ուղղված ապահովելու արդյունավետ ծառայություն հանրային կարիքները հոգալու համար: Կարծում եմ, որ այս համաժողովը կօգնի կողմերին ուսումնասիրել միմյանց փորձը եւ բացահայտել լավագույն պրակտիկան, որը կարող է նպաստել ոստիկանության հետագա բարեփոխումներին Հայաստանում»:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը աջակցում է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների գործընթացին 2010թ.-ից ի վեր՝ կենտրոնանալով ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի խթանման վրա՝ ոստիկանական կրթության եւ ոստիկանություն-հանրություն գործընկերության ամրապնդման ոլորտներում:



























