Երեւանի երկաթուղային կայարանում ներկայումս ակտիվորեն վերանորգման աշխատանքներ են տարվում: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Երեւան կայարան»-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Հունանյանը, վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ հունիսի 1-ը:

Նա հավաստիացրել է, որ ամառային արձակուրդների ժամանակ, երբ նկատվում է ուղեւորների մեծ հոսք, Երեւանի երկաթուղային կայարանը մարդկանց կդիմավորի նոր տեսքով: Ա. Հունանյանի խոսքով, շնորհիվ վերանորգման աշխատանքների, առանձին կգործեն տոմսարկղեր ներհանրապետական եւ միջազգային երթուղիների համար: «Բոլոր տոմսարկղերը լիովին վերականգնվում են: Կայարանում երկարամյա ընդմիջումից հետո կգործի նաեւ սպասասրահը»,- ընդգծել է կայարանի պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նշենք, որ NEWS.am-ը ավելի վաղ ընթերցողների ուշադրությանն էր ներկայացրել մայրաքաղաքի երկաթուղային կայարանի անմխիթար վիճակը: