Ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ խոսելուց առաջ պետք է հաշվի առնել 4 հիմնական բաղադրիչ, որոնք են ՀՆԱ ցուցանիշը, ֆինանսական համակարգի ցուցանիշները, այդ թվում՝ այդ համակարգի նկատմամբ վստահությունն ու տոկոսադրույքի փոփոխության դինամիկան, գործազրկության մակարդակն ու բնակչության կենսամակարդակը: Այսօր` ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, եթե այդ 4 բաղադրիչներից միայն մեկը` ՀՆԱ-ն է մի փոքր դրական տեղաշարժ գրանցել, չի կարելի ասել, որ դուրս ենք եկել ճգնաժամից: «Այդպիսի առաջընթացը ֆիկցիա է, եթե այդ առաջընթացի չի ազդում կենսամակարդակի կամ գործազրկության մակարդակի վրա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 1-ից կենսաթոշակների 2,5 հազար դրամով, կամ մայիսի 1-ից նպաստների 3,5 հազար դրամով բարձրացմանը, ապա ըստ դաշնակցական պատգամավորի՝ արդեն տեղի ունեցած գնաճը խժռել է այդ բարձրացումը:
Այս կապակցությամբ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասաց, որ մանկամտություն է հերքել, որ կենսամակարդակն իսկապես անկում ապրել, քանի որ 2009-ին երկրում արձանագրվել է 14,4 տոկոսանոց տնտեսական անկում, միաժամանակ 30 տոկոսով կրճատվել են տրանսֆերտները: Բայց, ըստ նրա, պետական բյուջեում 14-16 տոկոսով աճել են սոցիալական ծախսերը, եւ անգամ եթե այդտեղից հանենք գրանցված 3,4 տոկոսանոց գնաճը, ապա մեկ է, մոտ 11 տոկոսով անապահով խավի եկամուտներն աճել են:
Սրան անմիջապես արձագանքեց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, թե ինչպե՞ս հնարավոր է, որ մի կողմից բնակչության կենսամակարդակն ընկել է, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2008-ի 3000 դոլարից 2009-ին իջել է մինչեւ 2660 դոլար, սակայն մյուս կողմից եկամուտներն աճել են: Այս հարցին պատասխանելով Վ. Արամյանն ասաց, որ աճել են միայն անապահով խավի եկամուտները, քանի որ պետությունը նրանց լրացուցիչ գումարներ է հատկացնում:



























