2010-ին Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է վերելքի փուլ, որում մեծ դեր ունի արդյունաբերության ոլորտում առկա վերելքը: Այսօր` ապրիլի 5-ին նման տեսակետով է հանդես եկել Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով, 2010-ի առաջին երկու ամիսներին մոտ 70 միլիոն դոլարով աճել է ներմուծումը, որից 50 միլիոնը եղել են սարքավորումներ, որոնք վերազինում են տնտեսությունը:

«Չեմ կիսում տեսակետը, թե չկա ֆինանսական համակարգի նկատմամբ անվստահություն: Եթե նման անվստահություն է լինում, մարդիկ հանում են իրենց գումարները բանկերից, բայց մեզ մոտ անադները 30 տոկոսով ավելացել են»,- կարծիք հայտնեց Վ. Արամյանը, հավելելով, որ մինչեւ 2009-ի վերջը գրանցվել է գործազրկության 10 տոկոսի աճ, սակայն արդեն փետրվարին գործազրկությունը մի փոքր անկում է ապրել:

Այնուհետեւ անդրադառնալով գազի գնի բարձրացմանը, ֆինանսների փոխնախարարն ասաց, որ մայիսի 1-ից նպաստների 3,5 հազարով բարձրացումը ոչ միայն փոխհատուցում է գազի գնի բարձրացումը, այլեւ ծածկում է յլ ապրանքների գների բարձրացումը: Նա իր խոսքը հիմնավորելու համար նշեց, որ նվազագույն զամբյուղում, որը կազմում է 28,8 հազար դրամ, կոմունալ ծախսերը կազմում են 2,6 հազար դրամ, որտեղ գազի ծախսը կազմում է 500 դրամ: Ըստ նրա, այդ 500 դրամի 37,5 տոկոսով թանկացումը նշանակում է, որ այն կդառնա մոտ 700 դրամ, իսկ քանի որ միջին ընտանիքը բաղկացած է 4 հոգուց, ապա գազի թանկացումը ընտանիքի վրա նստում է 2,8 հազար դրամ, իսկ կառավարությունը նպաստները բարձրացրել է 3,5 հազար դրամով:

Լրագրողները, այս թվաբանությանն արձագանքեցին, որ ոչ մի ընտանիքում կոմունալ ծախսերը չեն կարող տեղավորվել 2,6 հազարի շրջանակում: Մասնավորապես, ձմռանը միջին ընտանիքը միայն գազի համար ծախսում է 20-30 հազար դրամ, եւ դա՝ նախքան թանկացումը: