Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն Սրբազան եպիսկոպոս Նաջարյանն ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյում գտնվող պատվիրակությանը:

ՍՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ողջույնի խոսքով հանդես է եկել Գերաշնորհ Սրբազան հայրը, Ավստրալիայում Հայաստան-Սփյուռք գործակցության հանձնախմբի կազմակերպիչ Հայկ Լեփեջյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Գրետա Մնացականյանը: Հանդիպման ընթացքում խոսվել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության եւ Ավստրալիայի հայ համայնքների խնդիրների մասին:

Սուրբ Հարություն եկեղեցում ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանը եւ Արսեն Գրիգորյանը, երգչուհի Սոնա Շահգելդյանը, կոմպոզիտոր Գարիկ Սարիբեկյանը, դաշնակահարուհի Տաթեւիկ Հայրումյանը: Նրանց կատարումները ջերմորեն են ընդունվել ավստրահայ հանդիսատեսի կողմից:

Խումբն այցելել է նաեւ հայկական ամենօրյա` «Արշակ եւ Սոֆի Գոլսթըն» եւ «Ալեքսանդր» վարժարանները: Նրանց համար շրջայց է կազմակերպվել դպրոցներում, աշակերտները ներկայացել են փոքրիկ համերգային ծրագրով: