Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական արժեքներին եւ սկզբունքներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վիլնյուսում ընթացող ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման ընթացքում, իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես ասել է.
«Եվրոպական միությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության բնագավառներում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումները Հայաստան-ԵՄ համագործակցության առանցքն են կազմում: «Արեւելյան գործընկերություն» գործիքը կարեւոր նախաձեռնություն է, որը ներառում է անդամ պետություններում իրականացվող բազմաթիվ գործողություններ` ընտրությունների, դատական բարեփոխումների, կոռուպցիայի եւ կիբեր-հանցագործության դեմ պայքարի վերաբերյալ:
Հայաստանը նպատակ ունի շարունակել իր համակողմանի, փոխշահավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ: Արեւելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկից ի վեր եւ նույնիսկ առաջ, մենք հայտարարել ենք եւ հայտարարում ենք, որ ձգտում ենք ունենալ հնարավորինս սերտ եւ հնարավորինս լայնածավալ հարաբերություններ Եվրոպական միության հետ: Այս
քաղաքականությունը շարունակական է լինելու է եւ ՀՀ նախագահի մասնակցությունը Վիլնուսյան գագաթնաժողովին դրա վառ ապացույցն է:
Մեր երկրի կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացրել, որոնք ուղղված են ժողովրդավարական կառույցների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման ամրապնդմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, համապատասխան օրենսդրության բարեփոխմանը, դատական համակարգի անկախության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դերի ընդլայնմանը:
Բարեփոխումների իրականացման գործընթացներում Հայաստանը կարեւորություն է տալիս մարդկային շփումներին, շարժունակության ապահովման խնդիրներին, որոնք հատկապես նպաստում են արժեքային եւ մշակութային դաշտերի ամրապնդմանը: Այս համատեքստում ուրախ եմ նշել, որ թե Եվրոպական խորհրդարանի, թե Ազգային Ժողովի կողմից արդեն վավերացվել են «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրերը:
Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետությունը, հայտարարելով իր` Մաքսային միությանը միանալու որոշման մասին, հավատարիմ է մնում իր ցանկությանը` խթանել բոլոր հնարավոր ուղղություններով Եվրոպական միության հետ համագործակցությանը` հիմնվելով այն բոլոր ձեռքբերումների վրա, որոնց հասել ենք համատեղ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում:
Ինչպես արդեն հիշատակել եմ, Եվրոպայի հետ թե երկկողմ եւ թե բազմակողմ համագործակցության խորացումը Արեւելան գործընկերության շրջանակներում մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից մեկն է:
Ես խորապես համոզված եմ, որ մեր քաղաքական հանձնառությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների աջակցության քաղաքականությունը, համագործակցությունն Արեւելյան գործընկերության շրջանակներում ապագայում էլ հավասարապես կարեւոր կլինեն մեր համար:
Այս պատմական ժամանակաշրջանում հայաստանյան իշխանությունների կողմից ընդունված որոշումը մի գործընթաց է, որն ուղղված է երկրի տնտեսական զարգացման, էներգետիկ եւ ռազմավարական անվտանգության ապահովման հեռանկարին: Այն չի բացառում եւ չի սահմանափակելու մեր հանձնառությունները եւ Եվրոպական միության հետ մեր ակտիվ երկխոսությունը: Մեր համար Եվրոպական միության հետ մերձեցումը նշանակում է քաղաքական եւ վարչական համակարգերում իրականացվող լուրջ բարեփոխումների գործընթացի շարունակություն` ուղղված երկրի կայուն զարգացմանը: Եվ մենք մտադիր ենք Եվրոպական միության հետ միասին խորացնել մեր կառուցվածքային բարեխոխումների գործընթացը:
Մենք կանենք հնարավոր ամեն ինչ` փնտրելու ճիշտ ուղիներ եւ ընդունելի ձեւաչափեր հետագա երկկողմանի եւ բազմակողմանի համագործակցության համար, ինչպես նաեւ ստեղծելու փոխադարձ համաձայնության մթնոլորտ` վարելու բազմավեկտոր քաղաքականություն:
Եզրափակելով ելույթս` ցանկանում եմ հաջողություն մաղթել հանդիպման աշխատանքներին: Վստահ եմ, որ այն իր դերն ունի Արեւելյան գործընկերության նպատակների իրականացման հարցում»:





























