Դեռ երկար ժամանակ կպահանջվի ոչ միայն ճգնաժամի հետևանքները հաղթահարելու, այլեւ հստակ ուրվագծելու այն ժամանակահատվածը, երբ մեր երկիրը կկարողանա հասնել տնտեսական զարգացման փուլ: Այսօր նման տեսակետ է հայտնել ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը, հավելելով, որ տնտեսության մեջ անկման միտումները շարունակվում են:
«Ես շատ ուրախ կլինեի, որ գոնե 2010 թվականի կեսերին դրանք կասեցվեին: Եթե մենք հաջորդ տարի ունենայինք զրոյական աճ, ես դա կհամարեի խիստ լավատեսական առաջընթաց»,- ասել է նա, ընդգծելով, որ իր հաշվարկներով տարեվերջին տնտեսական անկումը 15 տոկոսից ավելի կլինի: Թ. Մանասերյանը չի ցանկացել կանխատեսումներ անել, թե ճգնաժամի որ փուլում է Հայաստանը, քանի որ դրա համար պետք է լավ հետազոտություն անցկացնել, ապա նոր անցնել բուժման:
Այնուհետեւ խոսելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունների մասին՝ տնտեսագետը մտահոգություն է հայտնել, որ անգամ ճգնաժամի պայմաններում, երկրում նախկինի պես գերիշխող է կլանային տնտեսությունը եւ տնտեսական ազատ մրցակցությունը «ամենաբնորոշը չէ» մեր երկրի համար: Նրա խոսքով, թեեւ համապատասխան կատռույցներն այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկում են, բայց դրանք բավարար չեն:
Թ. Մանասերյանը, ճգնաժամի հաղթահարումը եւ տնտեսության զարգացումը կապել է տարածաշրջանային զարգացման հետ, նշելով, որ պետք է աշխուժացնել հարեւանների հետ երկկողմ հարաբերությունները:



























