Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, մեկնարկել է «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովը: Համաժողովը կազմակերպել են ՀՀ եւ ՌԴ նախագահների աշխատակազմերը, այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի շրջանակում: Սպասվում է, որ համաժողովի մասններին ողջույնի խոսքով կդիմեն ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը:

Համաժողովին մասնակցում են կենտրոնական եւ տարածաշրջանային մարմինների, բիզնեսի, Հայաստանի եւ ՌԴ-ի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ (շուրջ 500 մարդ), ՌԴ 6 նախարարներ ու 11 նահանգապետեր, «Ռոսատոմ», «Գազպրոմ», «Ռուսալ», «ԻՆՏԵՐ ՌԱՕ», «ՎՏԲ» ընկերությունների ղեկավարները:

Համաժողովի առաջին օրը տեղի է ունենում Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում: Դեկտեմբերի 3-ին համաժողովի աշխատանքը կշարունակվի Երեւենաում` կլոր սեղանի ձեւաչափով: Քննարկումների թեման բազմազան է` «Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսությունների մրցունակության բարձրացումը Մաքսային միության ձեւաչափում», «Ռուս-հայկական համագործակցության զարգացումը Մասքային միության ձեւաչափում` էներգետիկայի բնագավառում», «Համատեղ ռուս-հայկական  նախագծերը տրանսպորտի բնագավառում` եվրասիական ինտեգրացիոն գործընթացների պայմաններում», «Ռուս-հայկական ինտեգրման հեռանկարները հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում` երկու երկրների սպառողների շահերից ելնելով», «Ռուս-հայկական գործընկերության զարգացումը բանկային եւ ներդրումային բնագավառներում` եվրասիական ինտեգրացիոն գործընթացների համատեքստում», «Միջտարածաշրջանային հումանիտար կապերի ամրապնդումը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ. գիտակրթական, մշակութային, երիտասարդական բնագավառներ», «Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում», «Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների բնագավառում», «Եվրասիական ինտեգրում. նոր հնարավորություններ գործարար աշխարհի համար»: