Ամերիկյան Արեւմտյան Վիրջինիա նահանգում հանքի պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի, չորս հոգի համարվում են անհետ կորած, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով հանքի սեփականատեր Massey Energy ընկերության հաղորդագրությունը:

Մարդկանց որոնումները ստիպված էին դադարեցնել, քանի որ հանքում մեթանի չափից դուրս բարձր մակարդակի պատճառով պայթյունի սպառնալիք էր առաջացել:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նահանգապետ Ջո Մենչինին օգնության պատրաստակամություն է հայտնել:

Հիշեցնենք, որ massey Energy ընկերության հանքում՝ Չառլստոնից հարավ, պայթյուն էր որոտացել: Ներկայումս հետաքննվում են միջադեպի հանգամանքներն ու մանրամասները, որոնք հանգեցրել են ողբերգության:

Միեւնույն ժամանակ համապատասխան վարչության աշխատակիցները նկատել են, որ անվտանգության կանոններն անհրաժեշտ կերպով չեն պահպանվել: Ստուգողներն առաջին անգամ չէ, որ մեթանի չափից դուրս մեծ քանակություն են հայտնաբերել այստեղ: