Հայաստանում արդար դատաքննության հիմնական խնդիրներ են մնում 10-ից ավելի քաղբանտարկյալների խնդիրը, որոնք անազատության մեջ են, եւ այն, որ 2008թ. մարտի 1-ի զոհերի սպանության համար ոչ-ոք առ այսօր պատասխանատվություն չի կրել: Այդ մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը:

Քաղբանտարկյալների խնդրին անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը՝ նկատելով, որ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր փորձում են վեր հանել քաղբանտարկյալների կամ մարտի 1-ի դեպքերի հետ կապված խնդիրներ, լուրջ վտանգի են ենթարկվում:

Այդուհանդերձ, ըստ Բելասենի՝ Հայաստանի իշխանությունները որոշակի առաջընթաց են արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Իրավապաշտպանը հավելել է, որ ինքը Հայաստան է եկել ոչ թե պաշտոնյաների ձեռքերը սեղմելու, այլ Հայաստանում մարդու իրավունքների խնդիրները վեր հանելու եւ ներկայացնելու համար:

Սուեր Բելասենը նշել է նաեւ, որ հանդիպել է մարտի 1-ի զոհերի հարազատներին եւ ասել, թե «ոչ մի մարդ արարած չի կարող անսիրտ մնալ այն բաների շուրջ, ինչ ինքը լսել է նրանց հետ հանդիպմանը»: «Մենք ամեն ինչ անելու ենք մեղավորներին պատժելու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ»,- ասել է Սուեր Բելասենը: