Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը այսօր՝ դեկտեմբերի 2-ին մասնակցել են նաեւ Սոչիում կայանալիք XXII ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշերի մարման արարողությանը: Թողարկված երկու նամականիշերի վրա պատկերված են այն սպորտաձեւերը, որոնցով հանդես է գալու Հայաստանի օլիմպիական հավաքականը 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին. առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք սպորտաձեւը, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձեւը: Նամականիշերի ձախ կողմում պատկերված են Սոչիի լեռները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով  պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: Երեւան են ժամանել, մասնավորապես, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաեւը, տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչեւը, ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, «ՎՏԲ» բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշյոտնիկովը, պաշտոնատար այլ անձինք:

Այցի շրջանակում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Գյումրիում եւ Երեւանում նախագահները կմասնակցեն  մի շարք միջոցառումների, այդ թվոմ` հայ-ռուսական համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազա: Պուտինի այցի պատճառով առավոտվանից փակ է Երեւանի կենտրոնը: Զուգահեռ մի շարք ակտիվիստներ այսօր բողոքի տարբեր ցույցեր են կազմակերպել: