Ամերիկյան կոնգրեսմեններ Ջիմ Կոստան եւ Ադամ Շիֆը քննադատել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ Թուրքիայից հայերի հնարավոր արտաքսման վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):
«Թուրքիայից հայերին վտարելու վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որպես յուրօրինակ պատիժ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության բանաձեւի ընդունման համար, ցեղասպանության ուրացման արշավում հայերին որպես „կենդանի վահան“ օգտագործելու պաշտոնական Անկարայի տեւական քաղաքականության հերթական օրինակն է: 95 տարի անց, երբ Օսմանյան կայսրության զորքերը հարկադրեցին հայերին անցնել մահվան անապատներով, Էրդողանի հայտարարությունը վիրավորում է վերապրածների եւ նրանց սերունդների զգացմունքները»,- ասել է Շիֆը:
«Հայ միգրանտներին արտաքսելու Թուրքիայի սպառնալիքը անպատասխանատու է` հատկապես հաշվի առնելով, որ հայ — թուրքական հարաբերությունների վրա շարունակում է իր անդրադարձն ունենալ Հայոց ցեղասպանությունը»,- իր հերթին նշել է կոնգրեսմեն Կոստան:




























