Արդեն սովորական է դարձել, որ հանրահավաքի օրերին մարզերից Երեւան եկող երթուղային տաքսիների աշխատանքը խաթարվում է. Կամ նրանց թույլ չի տրվում Երեւան մտնել, կամ մտնում են գրեթե դատարկ: Քանի որ այսօր երեկոյան ժամը 18-ին ընդդիմությունը Երեւանում հանրահավաք է կազմակերպել, ուստի երթուղայինները կրկին Երեւան են մտնում գրեթե դատարկ: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Աբովյան, Հրազդան, Բյուրեղավան, Նոր Հաճըն քաղաքներից Երեւան եկող միկրոավտոբուսներին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, իրենք արդեն ահազանգեր են ստացել, ըստ որոնց, խոչընդոտվում է Էջմիածնից, Արտաշատից, Աբովյանից Երեւան մտնող երթուղային տաքսիների աշխատանքը:
«Նրանք վարչական հրահանգ են ստացել, որպեսզի կամ չտեղափոխեն մարդկանց, կամ ընդհանրապես երթուղի դուրս չգան: Նույնիսկ տաքսի ծառայություններին հրահանգված է մեկ ուղեւորից ավելի չտեղափոխել Երեւան»,- նշեց նա՝ հավելելով, որ բացի այդ, ճանապարհներին կանգնած են ոստիկաններ, ովքեր արգելում են տրանսպորտի հոսքը դեպի Երեւան:
Ավելի հեռատես մարդիկ, իմանալով, որ այդ օրը հանրահավաք է Երեւանում, մեկ օր շուտ են գալիս Երեւան եւ մնում իրենց հարազատների տանը, իսկ նրանք, ովքեր անտեղյակ են լինում հանրահավաքից, ստիպված են լինում այդ օրը հետաձգել Երեւան գալու իրենց ծրագրերը:
Հիշեցնենք, որ այսօր, երեկոյան ժամը 18-ին Մատենադարանի հարակից հատվածում Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաք է հրավիրել, որին հաջորդելու է երթը:




























