Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 6-ին հանդիպել է Հայաստան ժամանած Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք գոհունակությամբ շեշտվել է, թե ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայումս գտնվում են վերընթաց զարգացման փուլում, եւ որ համագործակցությունը ԵՄ հետ նոր որակական մակարդակի վրա է դրվել Արեւելյան գործընկերության մեկնարկով: Կողմերը հույս են հայտնել, որ կամրապնդվեն Արեւելյան գործընկերության հիմքերը, եւ կընդլայնվի համագործակցությունը ինչպես Արեւելյան գործընկերության երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:

Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, որը նրա բնորոշմամբ, իր կարեւոր նպաստն է բերում եվրաինտեգրման գործընթացին:

Հանձնակատար Ֆյուլեն տեղեկացրել է նաեւ, որ հավանաբար ապրիլի վերջին ԵՄ խորհրդի կողմից կհաստատվի Հարավային Կովկասի երկրների հետ ասոցիացման համաձայնագրերի բանակցային մանդատը:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել կարգավորման գործընթացի նկատմամբ ԵՄ անվերապահ աջակցության ու կառուցողական դիրքորոշման համար: Այդ համատեքստում հանձնակատար Ֆյուլեն հույս է հայտնել, որ կողմերն առանց նախապայմանների կվավերացնեն եւ կիրագործեն շուրջ վեց ամիս առաջ ստորագրված արձանագրությունները: