Հայաստանի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս՝ ապրիլի 6-ին, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Բավրայի մաքսակետում կրկնակի մաքսային հսկողության են ենթարկել Ստամբուլ-Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող «Mersedes-Benz» մակնիշի ավտոբուսի ուղեւոր Կոնստանտին Սուվարյանի ուղեբեռը:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ չհայտարարագրված ապրանքը Կ. Սուվարյանը թաքցրել է գուլպաներում եւ բաճկոնի գրպաններում` պոլիէթիլենային 5 փաթեթի մեջ: Հայտնաբերվել են մոտ 2,5 կգ արծաթյա զարդեր, մասնավորապես` 561 հատ մատանի, ականջօղեր, շղթաներ եւ վզնոցներ:

Մաքսանենգության մյուս դեպքը եւս հայտնաբերվել է օպերատիվ տեղեկությունների հիման վրա. Լենինգրադյան-Կիեւյան փողոցների խաչմերուկում ՊԵԿ աշխատակիցները զննման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան: Նրանում հայտնաբերվել է 8 պայուսակ, որի մեջ եղել են ավելի քան 80 կգ քաշով մոտ 300 կանացի բլուզներ եւ գրեթե նույնքան քաշով մոտ 2000 կանացի զուգագուլպաներ:

Իրավախախտման մեկ այլ դեպք է հայտնաբերվել «Ձյունիկ» մաքսային պահեստում, որտեղ քաշի անհամապատասխանություն է արձանագրվել Ռուսաստանից` Բագրատաշենի մաքսակետով մուտք գործած «Ֆրեդլայներ» մակնիշի ավտոմեքենան կշռելիս: Մասնավորապես, համեմատելով Բագրատաշենի մաքսակետի կշեռքի ցույց տված տվյալները պահեստի տվյալների հետ, պարզվել է, որ ճանապարհին ավտոմեքենան ապօրինի կերպով բեռնաթափվել է, եւ «Ձյունիկ» մաքսային պահեստ մուտք չի գործել մոտ 9 տոննա բեռ:

Բոլոր երեք գործերով հարուցված նյութերով կատարվում է քննություն: