Գլխավոր նվաճումը Հայաստանի համար գազի սակագնի հաշվարկն է՝ ռուսական բազայի հիման վրա; Այս մասին դեկտեմբերի երեքին լրագրողներին է հայտարարել Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը. «Շատ կարեւոր ենք համարում, որ հաշվարկների հիմքում լինելու է այն թիվը, որը գործում է ՌԴ-ում: Կարծում եմ, որ դա կարելի գլխավոր նվաճում համարել»,-ասել է փոխնախարարը: Այդ բազային ավելանալու է տարանցման սակագինը, օպերատորի վարձատրությունը եւ այլն: «Մեթոդոլոգիան որոշվել է պայմանագրով, իսկ թե արդյունքում ինչ սակագին կձեւավորվի, կորոշեն մասնագետները: Սակայն բանակցությունները բարեհաջող են անցել՝ անձամբ ինձ համար դրանք հոգու բալասան էին»,-ժպիտով հավելել է Գալստյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի երկուսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի արդյունքում ստորագրվել են մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ միջկառավարական համաձայնագիր Հայաստան ներմուծվող ռուսական բնական գազի սակագնի ձեւավորման կարգի վերաբերյալ:





























