Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ընդունել է Նոր Զելանդիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջիմ Բոլջերին եւ նրա հետ քննարկել հայ-նորզելանդական հարաբերությունները:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-նորզելանդական կապերը, ինչի վկայությունն են անցած տարի իր կատարած այցը Նոր Զելանդիա եւ Հայաստանում Նոր Զելանդիայի առաջին դեսպանի նշանակումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիմ Բոլջերը նշել է, որ Նոր Զելանդիան կարեւորում է հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի հետ եւ ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղիներին:
Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրվող ջանքերը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։





























