Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 6-ին ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին: Նա մեր երկիր է ժամանել` մասնակցելու մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով հյուրին, նախագահ Սարգսյանն ասել է. «Մեզ համար շատ կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն եւ հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում»,- եւ հավելել. «հատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի` Հայոց ցեղասպանության մասին»:

Դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել է, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, եւ առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է:
Հանրապետության նախագահը եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության հնարավորությունները, թե ինչպես դատարանը կարող է օգնել Հայաստանին՝ ավելի պաշտպանված լինելու: