Ավստրիացի հեղիանկ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի առաջին հրատարակությունից 80 տարի անց Վիեննայում կազմակերպվել էր մշակութային միջոցառում: Այն կազմակերպվել էր Ավստրիայում Հայաստանի դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ավստրիայում Հայ առաքելական եկեղեցու, Ավստրիական ռադիոյի եւ Ավստրիական գրական համայնքի համատեղ ջանքերով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Հատուկ այս առիթով Ֆրանց Վերֆելի հայտնի վեպի բնօրինակը վերցրել էին Ավստրիայի ազգային գրադարանից, որպեսզի ներկայացնեն ցուցահանդեսում:

Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայում հայ համայնքի ներկայացուցիչներ, ավստրիացի գրողներ ու գիտնականներ: Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառման ընթացքում Ցեղասպանության թանգարանի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանը ներկայացրել է լուսանկարներ թանգարանի հավաքածուից, որոնք կապված են Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության հետ: Միջոցառումից հետո տեղի է ունեցել համերգ: