Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով սկսել է քննարկել Հայ հեղափոխական դաշնակցության հեղինակած «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:
Հիմնական զեկուցող, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե օրենսդրական փոփոխությունները պետք է ընթանան երեք ուղղություններով, ըստ որոնց՝ խորհրդարանը պիտի ունենա միջազգային պայմանագրերում վերապահումներ կատարելու իրավունք, կարողանա կասեցնել և չեղյալ հայտարարել պայմանագրերը՝ մինչև ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ Հայաստանի պետք է կարողանա դուրս գալ արդեն իսկ ուժի մեջ մտած պայմանագրերից՝ ընթացակարգային խախտումների դեպքում:
Ռուստամյանը պարզաբանել է, որ փոփոխություններն առնչվում են հայ-թուրքական հարաբերություններին: «Եւ քանի որ ենթատեքստը Թուրքիան է, Հայաստանը պարտադիր պետք է վերապահումներ կատարի»,- նկատել է Ռուստամյանը:
Օրինագծին դեմ է հանդես եկել Հայաստանի կառավարությունը, որի տեսակետը խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ըստ որի՝ խորհրդարանը վերապահումներ անելու իրավունք չունի:




























